Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ" ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՏԱՐԵՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ


28.04.2017

Ապրիլի 26-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մեկնարկեցին «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագիրը կրող դասընթացները միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար, ընդ որում առաջին անգամ է, որ ծրագիրն անց է կացվում հայերեն լեզվով։

Ալավերդի քաղաքում «Ռոստելեկոմը» ծրագիրը կազմակերպել և անց է կացնում Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու տարածքային ծրագրի երիտասարդ կամավորների մասնակցությամբ։Կամավորները նախապես մասնակցին տարեցներին դասավանդման առանձնահատկությունների և մոտեցումների վերաբերյալ սեմինար-դասընթացի, տեղեկացան աշխատանքի հոգեբանական և մեթոդական նրբություններին ։

Տարեցների դասընթացներն անց են կացվում Ալավերդու՝ Հաշմանդամություն ունեցող և տարեց անձանց ռեսուրս կենտրոնի համակարգչային սրահում, որն ապահովվել է «Ռոստելեկոմի» գերարագ ինտերնետ հասնելիությամբ։

Դասընթացի նպատակն է աջակցել միջին և բարձր (50+) տարիքի անձանց շրջանում համակարգչից և համացանցից օգտվելու հմտությունների զարգացմանը, նախագիծը հատուկ մշակում է անցել և հեշտությամբ յուրացվում է թիրախային խմբի կողմից։ Դասընթացի տևողությունը 12 դասաժամ է, խմբում ընդգրկված են 60-75 տարեկան տասը մասնակիցներ։

Հայախոս լսարանի համար դասընթացն առաջին  անգամ է իրականացվում Ալավերդի քաղաքում։ 2015-2016թթ․ ծրագիրն իրականացվել է Հայաստանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնի (Россотрудничество) հետ համատեղ Վ․Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի համակարգչային լսարաններում, դասավանդել են բուհի ուսանող-կամավորները, և մասնակցել են հիմնականում ռուսախոս տարեցներ։

Այժմ արդեն ձեռնարկը թարգմանվել է հայերեն լեզվով և նախագիծն ընդլայնել է շահառուների շրջանակը՝ ընդգրկելով բոլոր 50+ բնակիչներին, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։Առաջիկայում նախագիծը կմեկնարկի նաև Ամասիայում։

«Ռոստելեկոմը» շատ է կարևորում այս նախագծի իրականացումը Հայաստանում․ համոզված եմ, որ մեր հասարակության բոլոր ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան նվազագույն հմտություններ ձևավորելու ինչպես համակարգչից, այնպես էլ համացանցից օգտվելու համար, քանի որ մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց նոր տեխնոլոգիաների։ Բացի այդ, մարզերում տարբեր կենտրոնների հետ համագործակցության արդյունքում հնարավորություններ են ստեղծվում նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչը կարծում եմ, ծրագրի ևս մեկ դրական կողմերից է։ Մենք նախատեսում ենք ընդլայնել նախագծի իրականացման շրջանակները՝ ներգրավելով նոր քաղաքային և գյուղական համայնքներ»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Азбука Интернета» նախագծի մասին (www.azbukainterneta.ru )

«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված  ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով տրամադրում է տեղեկատվություն օգտակար և կարևոր բոլոր գործիքների, գործառույթների վերաբերյալ։ Այն ՌԴ-ում իրականացվում է շուրջ 5 տարի և մեծ հաջողություններ են գրանցում ինչպես նախագիծը, այնպես էլ մասնակից տարեցները։

Դասընթացները անց են կացվում «Азбука Интернета» հատուկ ձեռնարկի միջոցով, ուր 12 բաժիններից յուրաքանչյուրը առանձին մշակված դաս է համակարգչի մասերից սկսած մինչև առցանց գնումների հմտություններ։

Մասնավորապես, դասընթացի ժամանակ կիրառվող ձեռնարկում տեղ են գտել  «Աշխատանք տեքստի հետ»,  «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլեկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։

Ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում է անցել, և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։